Շուբրահիտի ճակատամարտ
Թվական | 1798 թվականի հուլիսի 13 |
---|---|
Մասն է | Եգիպտական արշավանք |
Վայր | Շուբրահիտ գյուղ, Օսմանյան կայսրության Եգիպտոս էյալեթ |
Արդյունք | Ֆրանսիացիների վստահ հաղթանակ |
Հակառակորդներ | |
Ֆրանսիայի առաջին հանրապետություն | Օսմանյան կայսրություն |
Հրամանատարներ | |
Նապոլեոն Բոնապարտ | Մուրադ Բեյ |
Կողմերի ուժեր | |
20 000[1] | 3 000[2]—4 000[1] մամլուք 10 000 հետևակային[3] |
Ռազմական կորուստներ | |
անհայտ | անհայտ |
Ընդհանուր կորուստներ |
Շուբրահիտի (Շեբրեյսի) ճակատամարտ ռազմական բախում ֆրանսիական բանակի և մամլուքների միջև, որը տեղի է ունեցել 1798 թվականի հուլիսի 13-ին։ Ճակատամարտը ավարտվել է մամլուքների պարտությամբ, վերջիններս անկանոն փախուստի ժամանակ ռազմի դաշտում բազմաթիվ զոհերից զատ թողել են իրենց ողջ հրետանին։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եգիպտոսում 1798 թվականի հուլիսի 1-ի լույս 2-ի գիշերը ափանելուց հետո, Նապոլեոնի ղեկավարած ֆրանսիական բանակը նույն օրը գրավեց Ալեքսանդրիա քաղաքը։ Դրանից հետո, հուլիսի 4-ին Ալեքսանդրիան կորցնելու մասին տեղեկությունները հասան Կահիրե, իսկ մամլուքների բեյերը, ամիրաները, ուլեմները և քադիները արտակարգ խորհրդակցություն հրավիրեցին, ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ Ժողով ընթացքում մամլուքների առաջնորդներից Մուրադ Բեյին հանձնարարվեց անհապաղ զորահավաք հայտարարել է մարտընչել ֆրանսիացիների դեմ։ Օրեր անց Մուրադ Բեյի բանակը շարժվեց ֆրանսիացիներին ընդառաջ[4]։
Ալեքսանդրիան գրավելուց հետո ֆրանսիացիները շարժվեցին դեպի Կահիրե։ Հուլիսի 11-ին բոլոր հինգ ֆրանսիական դիվիզիաները հավաքվեցին Ռոմանիե քաղաքում։ Ըստ Նապոլեոնի հետախուզության տվյալների Ռոմանիեից ութ մղոն հեռավորության վրա գտնվող Շուբրահիտ գյուղին են մոտենում Մուրադ Բեյի ղեկավարած 3-4 հազար հեծյալները, մոտ 10,000 հետևակայինները և ռազմական նավատորմը։ Գնահատելով իրավիճակը, ֆրանսիական հրամանատարությունը որոշեց զորքերի մի մասին ուղարկել Շուբրահիտ մամլուքների դեմ մարտընչելու, իսկ մյուս մասին ուղարկել հարավ։[5].
Մարտը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիական բանակը մոտեցավ Շուբրահիտին հուլիսի 13-ի արևածագին։ Այն բանից հետո, երբ ֆրանսիացիները հանգրվանեցին գյուղի մատույցներում Նապոլեոնը հրամայեց իր բոլոր դիվիզիաներին վերադասավորվել վեցաշարք կառե դասավորությամբ։ Փոքրաթիվ հեծելազորը տեղակայվեց կառեի ներսում, իսկ հրետանին կառեի անկյուններում։ Ընդհանուր առմամբ Շուբրահիտում Նապոլեոնը իր ենթակայության տակ ուներ մոտ 20 հազար զինվոր[1]։ Մինչև Եգիպտոս ներխուժելը Նապոլեոնը ուսումնասիրել էր Ռուս-թուրքական պատերազմների առանձնահատկությունները և եկել էր եզրահանգման, որ կառե դասավորությունը ամենաարդյունավետն է արևելյան հեծելազորի դեմ պայքարում[6]։
Ֆրանսիական բանակ կազմոմ գործում էին հինգ դիվիզիաներ, որոնք զեկավարում էին՝ Լուի Բոնը, Օնորե Վիալը, Լուի Դեզեն, Շառլ Դյուգան և Ժան Ռենյեն։ Ֆրանսիացիները նաև իշխում էին Նեղոսի ջրերում Ժան Պեռի հրամանատարությամբ, Նեղոսյան նավատորմը իր մեջ բացի տրանսպորտային նավերից ներառում էր Le Cerf (հայերեն՝ Եղջերու) անվամբ շեբեկա տեսակի ռազմանավը, մեկ գալեռ և երեք հրետանավ[7]։
Մայրամուտին երևացին Մուրադ Բեյի բանակը, որն ներառում էր 3[2]—4[1] հազար հեծյալ մամլուք և 10 հազար հետևակային (հետևակայինների մեծ մասը մամլուքների մահակներով զինված ծառաներմ էին)։ Եգիպտացիներին Նեղոսի կողմից պաշտպանում էր ռազմական նավատորմը, որը բաղկացած հույն վարձկաններով ղեկավարվող յոթ հրետանավերից։ Ըստ Նիկոլյա Դևեռնուայի հիշողությունների, մամլուքների շքեղ հագուկապը և թանկառժեք քարերով ու ազնիվ մետաղներով զարդարված զենքերը լուրջ տպավորություն թողեցին ֆրանսիացի զինվորների վրա՝ վերջիններիս մտքերը ռազմական ավարի վրա կենտրոնացնելով[8]։
Ճակատամարտից առաջ Մուրադ Բեյը թերագնահատում էր Նապոլեոնի բանակին, իսկ, երբ նրան Կահիրեում տեղեկացրեցին, որ ֆրանսիական բանակը չունի մեծաքանակ հեծելազոր, նա բարձր ծիծաղեց և պարծենալով ասաց, որ ձմերուկի նման կկտրի օտարերկրյա զավթիչների գլուխները։ Այնուհանդերձ ֆրանսիական կառեն տպավորեց Բեյին երեք ժամ շարոնակ մամլուքները ձիավարում էին ֆրանսիացիների շուրջը՝ փորձելով գտնել ֆրանսիացիների դասավոության թույլ տեղը։ Վերջապես առավոտյան ժամը 8-ից մինչև 9-ը Նեղոսի վրա գտնվող ֆրանսիակն և եգիպտական նավատորմերը հրետանային մարտի բռնվեցին, իսկ փոքրինչ հետո Մուրադ Բեյի հեծելազորը գրոհեց ֆրանսիացիներին[9]։
Երբ մամլուքները հայտնվեցին կառեի խոցման տիրույթում, ֆրանսիացիները կրակ բացեցին հրացաններից և հրետանուց, մամլուքների առաջին գրոհը ձախողված էր։ Չնայած առաջին գրոհի ձախողմանը Մուրադ Բեյի հրոսակները շարունակում էին գրոհել ֆրանսիական կառեներին, սակայն ամեն անգամ ֆրանսիացիները սառնասրտորեն հետ էին շպրտում մամլուքներին։ Այդպես շարունակվեց ևս մեկ ժամ, դրանից հետո Բեյը հրամայեց իր զորքերին նահանջել Նեղոս՝ նավատորմի մոտ, իսկ Նապոլեոնը հրանայեց անցնել հարձակման[9]։
Նեղոսում գործերը ավելի լավ էին ընթանում օսմանցիների համար՝ եգիպտացիների նավատորմի վճռական գործողությունները ստիպեցին ֆրանսիական նավատորմի հրամանատար Պեռին հրամայել ֆրանսիական մի անի նավերի անձնակազմերին լքել նավերը, որոնք հետագայում անցան օսմանցի նավաստիների կողմից։ Ֆրանսիացիների վիճակը ծայրահեղ ծանր էր նրանց վրա կրակ էին բացում, և մամլուքների նավատորմը և Բեյի հրետանային մարտկոցը և Նեղոսի երկու ափերին գտնվող բեդուինները։ Թվում էր թե ֆրանսիական նավատորմը շուտով կկործանվի, երբ Պեռի նավից արձակված դիպուկ կրակոցը խոցեց եգիպտացիների գլխավոր նավի վառոդի պահոցը, նավը պայթեց[10]։
Այս անհաջողությունը խուճապի մատնեց մուսուլմաններին ինչպես գետում այնպես էլ ցամաքի վրա։ Նավի պայթելուց առաջ մամլուքները նոր գրոհ էին ձեռնարկում[11]։ Սակայն տեսնելով գլխավոր նավի կործանումը Մուրադ Բեյը փախուստի մատնեց նրա օրինակին հետևեցին մնացած մամլուքները մարտի դաշտում՝ թողնելով ողջ հրետանին։ Հետևակայինները իրենց հերթին նստեցին նավերը և Նեղոսով շարժվեցին դեպի Կահիրե[12]։
Մամլուքների փախուստից քիչ անց ֆրանսիացիները չհանդիպելով դիմադրության գրավեցին Շուբրահիտը[11]։
Հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շուբրահիտի ճակատամարտում ֆրանսիական բանակը կորցրեց 20 մարդու Պեռի նավատորմից[13], այն պարագայում, երբ մամլուքների կորուստները հասնում էին մի քանի հազարի[14]։ Մամլուքների հրետանին բաժին հասավ ֆրանսիացիներին, բացի դրանից Նապոլեոնի զինվորները կողոպտում էին սպանված մամլուքներին վերցնելով նրանց ոսկյա զարդարանքները, զենքերը և դրամները։
Շուբրահիթի բախումը ֆրանսիացիներին հասկացրեց, որ մամլուքները իրենց համար լուրջ վտանգ չեն հանդիսանում[11]։ Մամլուքների խիզախությունը և հեծելազորի անհատական վարպետությունը բավարար չեղավ ֆրանսիական կարգապահությանը հաղթելու համար։ Այնուհանդերձ Նապոլեոնին չհաջողվեց կտրել մամլուքներին նահանջի ճանապարհից, ինչի արդյունքում վերջիններիս մեծ մասը կարողացավ փախչել Կահիրե։ Այս հաղթանակը չգոհացրեց Նապոլեոնին և նա հրամայեց զարգացնել առաջխաղացումը[13]։
Հետագայում պարտության մասին տեղեկությունները հասան Կահիրե, ուժեղացնելով Եգիպտոսի բնակչության անհանգստությունը։ հուլիսի 16-ին Մուրադ Բեյը հրամայեց ամրություններ կառուցել Ինբաբից մինչև Բաշթուլա[12]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Dictionnaire Napoléon, 1999, էջ 433
- ↑ 2,0 2,1 Frédéric Hulot, 1998, էջ 68
- ↑ J. Christopher Herold, 2009, էջ 99
- ↑ Աբդուռռահման ալ-Ջաբարթի, 1962, էջ 49—52
- ↑ J. Christopher Herold, 2009, էջ 97—98
- ↑ Bruce Watson, 2006, էջ 40
- ↑ J. Christopher Herold, 2009, էջ 98, 100
- ↑ J. Christopher Herold, 2009, էջ 98—99
- ↑ 9,0 9,1 J. Christopher Herold, 2009, էջ 100
- ↑ J. Christopher Herold, 2009, էջ 100—101
- ↑ 11,0 11,1 11,2 J. Christopher Herold, 2009, էջ 101
- ↑ 12,0 12,1 Աբդուռռահման ալ-Ջաբարթի, 1962, էջ 57
- ↑ 13,0 13,1 David G. Chandler, 1973, էջ 223
- ↑ Jean-Joël Brégeon, 1998, էջ 108
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Harold, J. Christopher (1962). Bonaparte in Egypt. New York: Harper & Row. ISBN 978-1-934757-76-5.